«Եթե իրավիճակը դիտարկենք ֆինանսական տեսանկյունից, հատկապես պարզ կդառնա, որ ՈՒկրաինան չի կարող տնտեսապես մրցակցել Ռուսաստանի հետ։ Սակայն մենք պետք է նաև հաշվի առնենք, որ Եվրոպան օգնություն է տրամադրում։ Ես չեմ կարծում, որ Եվրոպան կարող է հավերժ տնտեսական օգնություն տրամադրել ՈՒկրաինային»,- Fox News-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։               
 

Առաջացել է որակական նոր բնույթի հակասություն մարդկանց թվի և կյանքի համար անհրաժեշտ ռեսուրսների քանակության միջև

Առաջացել է որակական նոր բնույթի հակասություն մարդկանց թվի և կյանքի համար անհրաժեշտ ռեսուրսների քանակության միջև
24.09.2025 | 18:15

Եթե մենք փնտրում ենք մի ընդհանուր բնույթի սկզբունք կամ գաղափար, որը լիովին կարող է բացատրել մարդկանց և մարդկության կյանքն ու դրա ընթացքը և որը նաև հնարավորություն կտա կառավարել այդ ընթացքը, դա մարդկանց ապրելու ձգտումն է։

Իսկ ապրելու համար պետք են բազմատեսակ ռեսուրսներ, որոնք սահմանափակ են և մարդիկ մրցում են իրար հետ դրանց տիրանալու համար՝ իրար հետ կռիվ տալով, զարգանալով և ավելի ու ավելի ուժեղ ու ազդեցիկ դառնալով։

Այդ կռիվը ռեսուրսների համար կա նաև կենդանիների մոտ, միջտեսակային ու ներտեսակային մրցակցության տեսքով, բայց մարդիկ, բանականության մի փշուր ունենալու օրից սկսած, ապրելու համար այդ պայքարին տվել են նոր բովանդակություն, քանի որ ձեռք են բերել զարգանալու հնարավորություն։

Նախնադարյան երկարատև կյանքում ապրելու համար պայքարը կրել է լոկալ բնույթ, բայց կյանքի համար ավելի էֆեկտիվ կռիվ տալու նպատակով մարդիկ սկսել են միավորվել ավելի հզորանալու համար և ստեղծել են գործիքներ, զենքեր ու կացարաններ։

Մարդկության դանդաղ զարգացումը աստիճանաբար բերել է կյանքի պայմանների լավացման ու մարդկանց կյանքի տևողության դանդաղ աճին, որ բերել է նաև մարդկանց թվի աճին երկրագնդի վրա։

Կլիմայական և այլ պայմաններից կախված, մարդկանց թվի աճը տարբեր տեղերում բերել է որակական արագ փոփոխությունների, այն պարզ պատճառով, որ մարդկանց թվի աճը բերում է նրանց կառավարելու ոլորտում նոր խնդիրների, որոնց լուծումն էլ աստիճանաբար բերում է պետությունների առաջացմանը, որոնք ավելի ևս են խթանում մարդկանց թվի աճին։

Մարդկության զարգացման պրոցեսում երկար ժամանակ, անկախ նրանից, որ նույն թափով շարունակվել են լոկալ կռիվներն ու պայքարը ռեսուրսների համար, մարդկանց գումարային թիվը ռեսուրսների քանակության հետ համամատած եղել է փոքր, իսկ մեկ շնչին ընկնող ռեսուրսների քանակությունը՝ բավականին մեծ։

Այս իմաստով մեր ժամանակներում մարդկության կյանքում կատարվում է որակական մեծ փոփոխություն, քանի որ մարդկանց կյանքի որակի աճը բերել է երկրագնդի վրա նրանց թվի աննախադեպ աճի, որը սկզբունքորեն փոխել է ռեսուրսների համար մրցակցության ու պայքարի բնույթը, քանի որ մարդկանց մեկ շնչին ընկնող ռեսուրսների քանակությունը կտրուկ կերպով կրճատվել է և շարունակում է կրճատվել։

Այսինքն, մարդկության պատմության մեջ առաջին անգամ առաջացել է որակական նոր բնույթի հակասություն մարդկանց թվի և կյանքի համար անհրաժեշտ ռեսուրսների քանակության միջև, որն էլ անհրաժեշտաբար կսրի պայքարը ռեսուրսների համար։

Դրանից բացի, երկրագնդի տարբեր տեղերում մնացել են չօգտագործված ռեսուրսների կղզիներ ու կղզյակներ, որոնց համար էլ առաջիկայում կուժեղանա պայքարը մարդկանց միջև։

Ներկայում չօգտագործված ռեսուրսների ամենամեծ կտորը գտնվում է Ռուսաստանում, այստեղից էլ՝ նոր պատմության մեջ այդ հարցի ծայրահեղ սրումը, մանավանդ, Չինաստանի հզորացման պայմաններում։

Եվ այստեղ չպետք է մոռանալ նաև մարդկության մեծահարուստ խավի շահերը, որոնք անմիջապես կապված են հնարավորինս շատ ռեսուրսների տիրանալու հետ։

Մարդկությունը ներկայում այդ գոյաբանական խնդիրների լուծումների փնտրտուքի մեջ է, լուծումներ, որոնք կապված կլինեն մի կողմից բոլորի ձգտումով տիրանալ հնարավորինս շատ ռեսուրսների և մյուս կողմից էլ, լուծել մարդկանց թվի հետ կապված պրոբլեմները։

Մարդկանց ապրելու հետ կապված այս երկու աննախադեպ պրոբլեմները արմատապես կփոխեն մարդկության կյանքի հետագա ընթացքը, որում կարևոր դեր կունենա նաև այն հանգամանքը, որ ցածր զարգացման մակարդակ ունեցող պասիոնարների թիվը երկրագնդի վրա կտրուկ կերպով աճում է, իսկ զարգացած ոչ պասիոնարների թիվը՝ նվազում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 355

Մեկնաբանություններ